Կյանքի խաչվող ուղիներում
Մոտակա անցյալում տեղի ունեցած արցախյան պատերազմն իր հետքն է թողել յուրաքանչյուր արցախցու հոգում: Պատերազմի հետևանքով որքան մայրեր կորցրեցին իրենց որդիներին, որքան կանայք այրիացան, որքան անմեղ մանուկներ որբացան: Արցախցին այդքանը չի մոռացել ու չի էլ կարող մոռանալ, ու չնայած այդ ամենին` նա շարունակում է ապրել: Ինչպես ասում են` կյանքը շարունակվում է ու պետք է շարժվել առաջ, սակայն, ցավոք այսօր հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնց համար նախընտրելի է, որ զոհվեին պատերազմում, քան այդպիսի վիճակում ապրեին: Ցավալի է, բայց` փաստ: Այդպիսիններից է նաև Արմեն Շմավոնի Ահարոնյանը:
Արմեն Ահարոնյանը ծնվել է 1972 թվականին Հադրութ քաղաքում: Պատերազմն իր դաժան դրոշմն է թողել Արմենի հոգեկան աշխարհի և ֆիզիկականի վրա: Ճակատագիրը դաժան խաղ խաղաց Արմենի հետ: 1993 թվականին նա ծանր վիրավորվում է Մելիքաշեն գյուղում մարտական գործողությունների ժամանակ, որի հետևանքով հեռացվում է նրա մի ոտքը: Այնուհետև Արմենը ստանում է գլխուղեղի և թոքերի վնասվածքներ: 1993 թվականին նա ստանում է համապատասխան բժշկական օգնություն Հադրութի և Ստեփանակերտի հիվանդանոցներում: Այսքան տառապանքներից հետո Արմենին սպասվում էր մի նոր անակնկալ. հաշմանդամ վիճակում վերադառնալով պատերազմից` սիրած աղջիկը հայտարարում է, որ ինքը չի կարող ամուսնանալ հաշմանդամի հետ:

































