Բելլա Գրիգորյանը և նրա ընտանիքը 2023 թվականին հարկադրաբար տեղահանվել են Արցախից Հայաստան և բնակություն հաստատել Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղերից մեկում։ Ընտանիքը բաղկացած է յոթ անդամից՝ Բելլան, նրա ամուսինը` Արամը, Արամի տարեց ծնողները և երեք անչափահաս երեխաները։ Հայաստան գալուց հետո նրանք որևէ գույք չունեին և ընդգրկված չէին այլ աջակցության ծրագրերում, ինչը հատկապես դժվարացնում էր նրանց վերաբնակեցումն ու կենսամակարդակի վերականգնումը։
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը առաջին կազմակերպությունն էր, որը աջակցություն ցուցաբերեց ընտանիքին։ Գալուստ Կիւլպէկեան Հիմնադրամի և Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Բելլան և նրա ամուսինը ստացան 1,000,000 ՀՀ դրամի վարկ, որի միջոցով ձեռք բերեցին երկու կով և սկսեցին փոքր անասնապահական գործունեություն։ Ստացված եկամուտների շնորհիվ նրանք հետագայում կարողացան ձեռք բերել ևս երեք կով, և այսօր քանակը հասել է յոթի։
Ընտանիքը եկամուտ է ստանում թարմ կաթի և կաթնամթերքի՝ այդ թվում մածունի և պանրի վաճառքից։ Նրանք ձևավորել են կայուն հաճախորդների շրջանակ և կաթ են մատակարարում նաև տեղական կաթի վերամշակման գործարաններին՝ ապահովելով կանոնավոր վաճառք և դրամական հոսքեր։ Միաժամանակ կաթնամթերքը սպառվում է նաև ընտանիքի անդամների կողմից՝ նպաստելով նրանց պարենային ապահովությանը և սննդի որակի բարելավմանը։
Ծրագրի աջակցությամբ ստեղծված այս անասնապահական գործունեությունն այժմ հոգում է ընտանիքի առօրյա կարիքները և ապահովում կայուն եկամուտ։ Թեև ընտանիքը ներկայումս վարձակալությամբ է բնակվում, նրանց երկարաժամկետ նպատակն է ձեռք բերել սեփական մշտական տուն նույն գյուղում և շարունակել ընդլայնել իրենց անասնապահական բիզնեսը։
Ծրագրի աջակցությունը հնարավորություն տվեց երիտասարդ ընտանիքին զրոյից ստեղծել բիզնես և քայլ առ քայլ շարժվել դեպի տնտեսական ինքնուրույնություն։ Այսօր նրանք հետևողականորեն զարգացնում են իրենց գործունեությունը և ապագայում նախատեսում են ավելացնել անասնապահության և արտադրության ծավալները։


































