ԱԱՊԲ ծրագիրը մոբիլիզացնում է ֆինանսական ռեսուրսների այլ աղբյուրներ

Մայիսի 20, 2008

Յուրաքանչյուրիս համար չափազանց հաճելի է գիտակցել, որ մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված աջակցությունն իրոք հասնում է իր նպատակին: Է’լ ավելի մեծ բավականություն ես զգում, երբ քո կողմից տրամադրված աջակցությունը հետագա դրական փոփոխությունների շարժառիթ է դառնում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով Ամերիկայի ժողովրդի կողմից տրամադրված աջակցությամբ Առողջության առաջնային պահպանման ծրագիրը (ԱԱՊԲԾ) գործունեություն է իրականացնում` Հայաստանում առաջնային բուժօգնության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ: Առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով, Ծրագիրը ոչ միայն կոորդինացնում է աշխատանքները նույն բնագավառում գործող դոնոր կազմակերպությունների հետ, այլ նաև ձգտում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից:

2007 թվականի աշնանը` Հայաստանի գյուղական վայրերում առաջնային բուժօգնության որակի բարելավման բնագավառում ԱԱՊԲԾ-ն համագործակցություն սկսեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ: ՋՀՀ-ն ստեղծվել է ամերիկահայ Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա և Հայաստանում գրանցվել իբրև բարեգործական կազմակերպություն 1999 թվականին: Հիմնադրամի նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին: Իր գործունեության շրջանակներում ՋՀՀ-ն ևս աջակցում է նաև Հայաստանի գյուղական վայրերում առաջնային բուժօգնության որակի բարելավմանը, և ԱԱՊԲԾ-ի հետ համագործակցությունն իրոք կնպաստեր այս ոլորտում առավել բարձր արդյունքների ապահովմանը: Տեղեկանալով ՀՀ ողջ տարածքում համայնքային բուժքույրերի համար ԱԱՊԲԾ կողմից նախաձեռնվող վերապատրաստումների մասին, ՋՀՀ-ն իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու այդ գործընթացին` կրթելով ընտանեկան բուժքույրության կլինիկական դասավանդողների, փոխհատուցելով բուժքույրերի վերապատրաստման հետ կապված ծախսերի մի մասը, տպագրելով դասընթացի համար ուսումնական նյութեր, ինչպես նաև գլյուկոմետրեր և ստրիպներ ապահովելով ԱԱՊԲԾ կողմից գյուղական վայրերում առաջնային բուժօգնության բժիշկներին և բուժքույրերին տրամադրվող բժշկական պարագաների հավաքածուների համար: 2007 և 2008 թվականներին ՋՀՀ-ի ներդրման ընդհանուր գումարը կազմել է 62.000 ԱՄՆ դոլար: Հիմնադրամի օժանդակությունը շարունակվելու է ընդհուպ մինչև ԱԱՊԲԾ կողմից ՀՀ բոլոր մարզերում բուժքույրերի վերապատրաստման գործընթացի ավարտը:

ԱԱՊԲ ծրագրին հաջողվեց նաև Սփյուռքի ներկայացուցիչներից այլ միջոցներ ներգրավել գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման ենթակագուցվածքի բարելավման նպատակով: Երբ Ծրագիրը հայտարարեց, որ իրականացնելու է Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի ԲՄԿ-ի ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքները, Տորոնտոյի բնակիչ կանադահայ տիկին Սոնյա Արթինյանն իր միջոցներից 2.250 ԱՄՆ դոլար հատկացրեց` ԲՄԿ տանիքը վերանորոգելու նպատակով: Տիկին Արթինյանի այս ներդրման շնորհիվ ԲՄԿ-ի նոր վերանորոգված տարածքն այժմ պաշտպանված է տեղումներից վնասվելու հնարավորությունից և ավելի երկար ժամանակ կպահպանի ներկայիս իր բարվոք վիճակը:

Պակաս կարևոր չէ նաև, որ համայնքների անդամներն էլ են ոգևորվել ԱԱՊԲԾ կողմից իրականացվող աշխատանքներից: Ծրագիրը առաջնային բուժօգնության հաստատություններ է վերանորոգել Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի 78 համայնքներում և նրանք բոլորն էլ պատրաստակամություն են հայտնել այս կամ այն կերպ մասնակցելու գործընթացին: Չնայած գյուղական համայնքների ռեոսուրսների սահմանափակությանը, ԲՄԿ-ների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին նրանց ուղղակի և անուղղակի մասնակցության ընդհանուր գումարը կազմել է գրեթե 85 միլիոն ՀՀ դրամ (մոտ 280.000 ԱՄՆ դոլար):
Հետաքրքրական է նաև, որ ԲՄԿ-ի վերանորոգման հետ կապված աշխատանքները համայնքներում շարժառիթ հանդիսացան այլ տարածքների և օբյեկտների վորանորոգումը նախաձեռնելու համար: Համայնքների նման ներգրավումը ոչ միայն զգալիորեն ընդլայնեց ԱԱՊԲԾ կողմից կատարված աշխատանքների ազդեցության ոլորտը, այլ նաև ապահովեց համայնքների շահագրգիռ վերաբերմունքը, ինչը ձեռքբերումների կայունության գրավական է հանդիսանում:
Աշխատելով ՀՀ մյուս մարզերում, ԱԱՊԲԾ-ն ևս կձգտի ռեսուրսների այլ աղբյուրներ ներգրավել` ավելի շոշափելի և կայուն արդյունքներ ապահովելու համար:

Հեղինակ: ԱՄՆ ՄԶԳ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր