Սանեյան Անգելինան ծնվել է 08․05․2021թ-ին Ծովագյուղում՝ Դաունի համախտանիշ ախտորոշմամբ։ Դիմել են Սևանի մանկական վերականգնողական կենտրոն, երբ Անգելինան 5 ամսական էր։
Կենտրոնի բացումից հետո Անգելինան եղել է մեր ամենափոքր պացիենտը։ Նրա հետ մինչ օրս կենտրոնի անձնակազմն անցել է երկար ճանապարհ։ Նա ստանում է բոլոր մասնագետների թերապիաները՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ և արտթերապիստ։ Բոլոր հմտությունները նրան տրվել են մեծ դժվարությամբ։ Կանգնել և քայլել է տևական ժամանակահատվածում՝ 2,5 տարեկանում, բայց միայն մասնագետի օգնությամբ։ Նրան դժվար են տրվել կքանստելը, կռանալը, աստիճաններ բարձրանալը։ Առօրյա հմտություններին մասնակցում էր, բայց կատարում էր անփույթ։ Ունեցել է արտահայտված զգայական խնդիրներ։
Անգելինան 05․06․2023թ-ից ներառված է «Շարունակական բուժում Սևանի մանկական վերկանգնողական կենտրոնում» ծրագրի մեջ։ Նա հաճախում է կենտրոն առանց ընդհատումների, ինչի արդյունքում ունենք մեծ առաջընթաց։ Նա արդեն վարժ քայլում է, վազում է, կքանստում է, բռնված բարձրանում է աստիճանները։ Ունի բառապաշար, սակայն դեռ լավ չի խոսում, բայց կարողանում է ժեստերով, էմոցիաներով նկարագրել ու ցույց տալ իրերը։
Անգելինային մենք անվանում ենք ուրախ հրեշտակ։ Եթե նա կենտրոնում է, դա միանգամից նկատելի է, քանի որ մտնում է բոլոր սենյակներ, որ բարևի, ստանա իր կոմպլիմենտները, հետո գնա իր թերապիստի մոտ։ Նա շատ շփվող է, բայց իրեն մոտ է թողնում ոչ բոլորին։ Անգելինան արդեն անվանում է մասնագետների անունները և ունի իր սիրելի մասնագետին։ Շատ է սիրում հաղորդակցվել մյուս երեխաների հետ՝ ստիպելով, որ իր հետ անպայման խոսեն։ Նա չարաճճի է շատ, բայց իր ժպիտով լուսավորում և մեղմացնում է բոլորիս սրտերը։ Մենք նրանից սովորում ենք լինել երջանիկ՝ անտեսելով կյանքի մարտահրավերները։
Նրա հետ աշխատելու շատ անելիքներ ունենք դեռ, սակայն նրա ինքնավստահ ու պայքարող տեսակը մեզ ստիպում է լավատեսորեն շարժվել առաջ, հավատալ հրաշքներին ու վստահ լինել, որ Անգելինա անունով բարությունը հաղթելու է։


































