Ինքնաճանաչման, անձնական զարգացման և քաղաքացիական ներգրավվածության տեսանկյունից այս ծրագիրը ինձ համար դարձավ կարևոր ուղի։ Որպես Վրաստանում բնակվող երիտասարդ հայեր՝ ծրագրի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մասնակցելու մի շարք տեղեկատվական և օգտակար սեմինարների՝ նվիրված քաղաքացիական, սոցիալական և հանրային թեմաներին։ Այս հանդիպումները ոչ միայն ընդլայնեցին մեր գիտելիքները, այլև օգնեցին ավելի խորությամբ հասկանալ տեղական խնդիրները։
Ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ այն չէր սահմանափակվում միայն քննարկումներով։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ իրականացվեցին մի շարք փոքր, բայց կարևոր նախաձեռնություններ, որոնք միտված էին հայ երիտասարդների ինտեգրմանը վրացական հասարակությանը, կրթության խթանմանը, հանրային կյանքի ակտիվացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Ծրագրի վերջին փուլում, մասնակիցների աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, իրականացվեցին փոքրածավալ, սակայն նշանակալի ծրագրեր՝ կրթության զարգացման և հայ երիտասարդների ինտեգրման նպատակով։ Այս նախաձեռնությունները ինձ տվեցին նոր հմտություններ, թիմային աշխատանքի փորձ և այն գիտակցումը, որ նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ։
Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ծրագրի կազմակերպիչներին և հիմնադրամին՝ երիտասարդների նկատմամբ ունեցած վստահության, աջակցության և մեզ նման հնարավորություն ընձեռելու համար՝ զարգանալու, հանրային կյանքում ակտիվանալու և վստահություն կառուցելու ճանապարհին։
Գեորգի Գաբրիելյան


































