ԵՆՀ 2015-2016 ծրագրի շահառուները մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարներին

Հոկտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ գրասենյակի նախասրահը լի էր դպրոցականներով: Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Մասիսի, Աշտարակի, Սիսիանի և Կապանի բանավեճի ակումբի անդամներն այցելության էին եկել ԵԱՀԿ գրասենյակ: ԵԱՀԿ-ի մասին դպրոցականներն առաջին անգամը  չէ, որ լսում էին: Նրանք տեղեկացված էին ԵԱՀԿ-ի գործունեության մասին, բայց այլ է, երբ անձամբ ես այցելում գրասենյակ, շփվում աշխատակիցների հետ, մի քանի ժամով գրասենյակի ներսում զգում աշխատանքի ռիթմը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանն աշակերտներին ներկայացրեց ԵԱՀԿ-ի ընդհանուր գործունեությունը: Աշակերտները լարված լսում և դիտում էին հետաքրքիր ֆիլմեր ԵԱՀԿ-ի առաքելության, գործունեության և ծրագրերի մասին: Այցի ընթացքում անդրադարձ եղավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաքելությանը և մանդատին, մանրամասնորեն ներկայացվեցին առաքելության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Դպրոցականները տեղեկացան նաև, թե ինչպես է ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցում Հայաստանին՝ բարեփոխելու մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրությունը, քաղաքականությունը և հաստատությունները: Մասնավորապես խոսվեց ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ: Աշխատելով ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ՝ ԵԱՀԿ գրասենյակն օգնում է այդպիսի համայնքներին ավելի լավ ներկայացնել իրենց կարիքները՝ իրենց էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը պահպանելու համար: Անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում առկա գենդերային հավասարության հիմնախնդիրներին և ներկայացվեց, թե ինչպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակը գենդերային հավասարությունը խթանելու և գենդերային խտրականությունը զսպելու նպատակով օժանդակում իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը բարելավելու գենդերային օրենսդրությունը:

Դպրոցականները մեծ ոգևորությամբ նշեցին, որ այսուհետ առավել ուշադիր են հետևելու ԵԱՀԿ-ի գործունեությանը և հնարավորության դեպքում կմասնակցեն իրենց տարածաշրջաններում ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացներին և միջոցառումներին: 

Ծրագրի մասին ...